ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Սելավի բերանն ընկած տաշեղի նման գնում ենք ուրիշների ստեղծած ընթացքով

Սելավի բերանն ընկած տաշեղի նման գնում ենք  ուրիշների ստեղծած ընթացքով
15.05.2024 | 18:05

Եթե փորձենք հնարավորինս ճիշտ ձևով բնութագրել այսօրվա մեր հասարակության կյանքը, ապա, թվում է, որ այդ նպատակի համար «պարզունակություն» և «մակերեսայնություն» բառերն ամենից հարմարն են։

Ինչպես կինոյի աշխարհում, որտեղ պարզունակ մարդկանց մեծ մասին թվում է, որ դերասանը, ինչպես սովորական կյանքում, հանպատրաստից խոսում է, դե ուրիշներն էլ իրեն նկարում են ու վերջ։

Այնպես, ինչպես կինոյի դեպքում, մարդիկ պատկերացում չունեն սցենարի, ռեժիսուրայի ու դերասանական արվեստի մասին, նույն ձևով էլ մեր մարդիկ կարծում են, որ մեզ հետ կատարվող ամեն ինչը կատարվում է իրեն-իրեն՝ առանց սցենարի, ռեժիսուրայի, դերասանական արվեստի ու հմտությունների։

Այնինչ, իրականությունը բոլորովին այլ է և հիմնված է այն բանի վրա, թե ուժ ունեցողներից ով կկարողանա ունենալ ավելի որակյալ սցենար, ռեժիսուրա և դերասանական խաղ, որպեսզի գոյության պայքարում դուրս գա հաղթող, իսկ եթե հաղթել հնարավոր չէ, ապա լինի գոնե չպարտված։

Հայտնի խոսք է, որ ապագան կանխատեսելու լավագույն ձևը այն պլանավորելն է, բայց դա կարող են անել միայն բավարար ուժ ունեցողները, քանի որ այդ պլանը պետք է նաև իրականացնել։

Այսքանը հասկանալու իմաստով տարբեր ժողովուրդներ գտնվում են տարբեր աստիճանների վրա. կան այնպիսիները, որ ամեն ինչ հասկանում են և, բացի դրանից, ունեն համապատասխան ուժ ու կարողանում են մասնակցել աշխարհի կառավարմանը, կան նաև այնպիսիները, որոնք շատ հեռու են կյանքի ու դրա համար մղվող պայքարի խորքային իմաստները հասկանալուց և, սելավի բերանն ընկած տաշեղի նման, գնում են ուրիշների ստեղծած ընթացքով։

Մենք հենց այդպիսին ենք՝ անկառավարելի ընթացքով տաշեղ պատմության սելավի մեջ՝ չունենք ո՛չ սցենար, ո՛չ ռեժիսուրա, և ո՛չ էլ դերասանական խաղ։

Բայց ի˜նչ ամբիցիաներ, ի˜նչ դատարկաբան լեքսիկոն, իսկ իրականում՝ «Տերովին տերն է տարել, անտերին էլ գելն է տարել»։

Մեր դատարկամիտ փսևդոռեժիսորները ոչ միայն շատ հեռու են ռիսկերի անալիզ կոչեցյալից, այլև իրենց ձախլիկ գործունեությամբ մշտապես եղել են գոյաբանական ռիսկերի գեներատորներ։

Եվ այսպես էլ ապրում ենք մեր Հայաստանում։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 3025

Մեկնաբանություններ